Հուրգադայում զինված անձը հարձակում է գործել զբոսաշրջիկների վրա․ տուժածների մեջ կա ՀՀ քաղաքացի
Հուլիսի 14-ին Եգիպտոսի Հուրգադա քաղաքի Sunny Days El Palacio Resort հյուրանոցում անհայտ անձը հարձակում է գործել զբոսաշրջիկների վրա. տարբեր տվյալների համաձայն՝ հարձակման արդյունքում չորս մարդ զոհվել է, տուժել են վեցը. տեղեկացնում է «Ռոյթերս»-ը:
Եգիպտոսի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ սառը զենքով զինված հանցագործը, ենթադրաբար, հյուրանոցի տարածք է հասել մոտակա լողափից: Նա մուտք է գործել զբոսաշրջային համալիր և սկսել անկանոն կերպով դանակահարել այնտեղ եղած մարդկանց:
Տարբեր աղբյուրների համաձայն՝ զոհերից երկուսը Գերմանիայի, ևս երկուսը Ուկրաինայի քաղաքացիներ են, տուժածներից չորսը Հայաստանի, մյուսները՝ Չեխիայի և Ռուսաստանի քաղաքացիներ են:
«Ալ-Յամու աս-Սաբիա» պարբերականի տվյալներով՝ հարձակում կատարած անձը նախկինում եգիպտական իրավապահ մարմինների տեսադաշտում չի հայտնվել: «Նրա անձնական գործում ո՛չ քրեական և ո՛չ էլ քաղաքական հանցանքներ չկան»,- Եգիպտոսի ԱԳՆ-ի խոսքերը փոխանցում է պարբերականը:
Պարբերականի տվյալների համաձայն՝ հանցագործության մեջ մեղադրվում է Եգիպտոսի հյուսիսային Ա-Մանշա ալ-Քուբրա գյուղի բնակիչ 27-ամյա Աբդեռահման Շաաբան Աբդեռահման Բադավին:
Հարձակման դրդապատճառները դեռևս անհայտ են. հարձակվողը ձերբակալվել է: Ըստ որոշ տվյալների հանցագործը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մեկ այլ վարկածի համաձայն՝ դա կարող է կենցաղային վեճի արդյունք կամ պարզապես ահաբեկչություն լինել: Հայտնի է դարձել, որ զինված անձին վնասազերծելու գործում օգնություն է ցուցաբերել ՀՀ քաղաքացի, որը վիրավոր վիճակում հարվածել է հանցագործի գլխին:
Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ Հուրգադա քաղաքում և այդ հանգստյան գոտու մուտքի մոտ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել: «Մանրակրկտորեն ստուգվում են փաստաթղթերը, թույլատրվում է մուտք գործել միայն այն անձանց, որոնք ապրում, աշխատում կամ հանգստանում են այնտեղ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ ոստիկանությունը հրահանգ է ստացել ստուգումներ անցկացնել հյուրանոցի բոլոր բնակիչների շրջանում: