Հնարավոր չէ անվերջ հանդուրժել ԱՄՆ-ի գռեհկությունները․ Վլադիմիր Պուտին
Մոսկվան ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներին կպատասխանի այն ժամանակ, երբ ի հայտ գա օրինագծի վերջնական տարբերակը։ Այս մասին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ Մոսկվան շատ զուսպ է քաղաքականություն է վարում, սակայն «չի պատրաստվում անվերջ հանդուրժել այդ գռեհկությունը»։
«Մենք դեռ չենք տեսել պատժամիջոցների վերջնական տարբերակը, այդ պատճառով մեր պատասխանը դեռ պարզ չէ։ Մենք տեսնում ենք, որ բավական երկար ժամանակ է մեզ փորձում են սադրել․ կամ մեր դիվանագետներին են արտաքսում առանց որևէ պատճառի, կամ դիվանագիտական սեփականությունն են կալանքի տակ վերցնում, ինչն ընդհանրապես ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում, քանի որ հակասում է միջազգային իրավունքի և դիվանագիտության նորմերին», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ նոր պատժամիջոցներ կիրառելով՝ ԱՄՆ-ն փորձում է օգտագործել աշխարհաքաղաքական իր առավելությունը, որպեսզի բավարարի տնտեսական հետաքրքրություննները։
«Ինչպես գիտեք, մենք մեզ պահում ենք շատ համբերատար և զուսպ, սակայն ինչ-որ պահի մեր համբերության բաժակը լցվելու է։ Հնարավոր չէ անվերջ հանդուրժել այս լպիրշությունը», - շարունակել է Ռուսաստանի առաջնորդը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի սենատն ընդունել էր հակառուսական պատժամիջոցների նոր օրինագիծ, որը պետք է հաստատվի նախագահի կողմից։ Փաստաթղթում նշվում է նաև «Հյուսիսայի հոսք 2» ծրագրին հակազդելու անհրաժեշտության մասին։
Հակառուսական պատժամիջոցների մասին իրենց անհանգստությունն էին հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Սիգմար Գաբրիելը և Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը՝ նշելով, որ դա կարող է սպառնալ Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։