Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանին, որը մեկնարկելու է սեպտեմբերին։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահի ծրագրերում դա չկա», - ասել է Պեսկովը՝ չմեկնաբանելով Թրամփի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի նախօրեին համաշխարհային առաջնորդների ժողով անցկացնելու նախաձեռնությունը։

«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահը պատրաստվում է համաշխարհային առաջնորդների ժողովի ընթացքում քննարկել ՄԱԿ-ում փոփոխություններ մտցնելու հարցը։ Նշվում է, որ պետությունների առաջնորդները կհրավիրվեն հանդիպմանը, եթե ստորագրեն տասը կետից կազմված հռչակագիրը, որում կոչ է արվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «սկսել միջազգային կազմակերպության արդյունավետ և նպատակաուղղված բարեփոխումը»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին և կտևի մինչև նույն ամսվա 25-ը։ ՄԱԿ-ի ամբիոնից առաջին անգամ ելույթով հանդես կգա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նախնական ծրագրի համաձայն՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.