ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը զորավարժություն են իրականացրել Հարավային Կորեայում
Այսօր՝ սեպտեմբերի 18-ի առավոտյան ամերիկյան երկու B-B1 ռմբակոծիչներ Գաումից և հինգերորդ սերնդի F-35B չորս կործանիչներ Ճապոնիայի ռազմաբազայից հարավկորեական F-15K կործանիչների հետ միաժամանակ թռիչք են իրականացրել Հարավային Կորեայի օդային տարածքում։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս թռիչքը պատասխան էր Հյուսիսային Կորեայի վերջին սադրանքներին։ Նշվում է, որ թռիչքն իրականացնելուց հետո ինքնաթիռները վերադարձել են մշտական տեղակայման վայրեր։
Այս զորավարժությունը հաջորդել է Փհենյանի՝ երեք օր առաջ կատարած հրթիռային փորձարկմանը։
Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան հերթական բալիստիկ հրթիռն էր արձակել ճապոնական Հոկաիդո կղզու ուղղությամբ։ Հրթիռը, թռչելով 3700 կիլոմետր, ընկել էր Խաղաղ օվկիանոսը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Փհենյանը հայտարարել էր խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում ամերիկյան ավիաբազային հրթիռային հարված հասցնելու պատրաստակամության մասին: Կիմ Չեն Ընի հրամանի դեպքում՝ հյուսիսկորեական զինվորականները կարձակեն մայիսի 14-ին փորձարկված միջին հեռահարության «Հվասոն-12» բալիստիկ հրթիռը:
Օգոստոսի 13-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բացի դիվանագիտական և տնտեսական միջոցառումներից՝ Վաշինգտոնը պատաստ է ուժ կիրառել Հս. Կորեայի կողմից եկող միջուկային սպառնալիքը վերացնելու համար:
Օգոստոսի 21-ին ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսել են Ulchi-Freedom Guardian համատեղ զորավարժությունները՝ չնայած տարածաշրջանում լարվածության սրացման։ Հիշեցնենք, որ նախորդ տարի Ulchi-Freedom Guardian զորավարժություններին մասնակցել են 50 հազար հարավկորեացի և 25 հազար ամերիկացի զինծառայողներ: