ՌԴ ռազմաօդային ուժերը Սիրիայում ոչնչացրել են մոտ 2350 ահաբեկչի

Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի հետ միասին Դեր Զոր նահանգի արևելյան մասում իրականացնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Իրաքից ներխուժած մոտ 1500 անդամներին շրջափակելու և ոչնչացնելու գործողությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ներկա պահին ավարտին է մոտենում Սիրիայի կառավարական զորքերի հետ համատեղ ռազմական գործողությունը, որի շրջանակներում պետք է ոչնչացնել Իրաքից ներխուժած ԻՊ 1500 անդամներին, որոնք փորձում են ամրապնդվել Դեր Զորի արևելյան շրջաններում», - նշել է Կոնաշենկովը։
Գեներալի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի արևելքում Իսլամական պետության և «Ջեբաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հարձակումները հիմնականում ձախողվել են, և ահաբեկիչները կրել են վերջին ամիսների ընթացքում իրենց ամենածանր պարտությունը։
Ինչպես նշում է ՊՆ ներկայացուցիչը, սեպտեմբերի 19-ից 29-ը ընկած ժամանակահատվածում ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում ոչնչացրել են ավելի քան 2350 ահաբեկչի։ Ընդ որում՝ նրանից 400-ը Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից գնացած ծայրահեղականներ էին։ Կոնաշենկովի խոսքով՝ սպանվածների մեջ են եղել նաև 16 հրամանատարներ։