ՌԴ ռազմաօդային ուժերը Սիրիայում ոչնչացրել են Իսլամական պետության 7 հրամանատարների

Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերը վերջին երկու օրվա ընթացքում Սիրիայում՝ Եփրատ գետի արևելյան ափին կարողացել են ոչնչացնել Իսլամական պետության 7 ցամաքային հրամանատարների։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նշվում է, որ սպանված հրամանատարների թվում էր ծագումով Ղազախստանից Աբու Իսլամ ալ-Կազակին, որը կազմակերպում էր ծայրահեղականների հարձակողական գործողությունները։ Ընդհանուր առմամբ՝ ահաբեկիչները տվել են 304 զոհ և ավելի քան 170 վիրավոր։
Ռուսական ռազմական ավիացիան ոչնչացրել է նաև օտարազգի վարձկանների վերապատրաստման հավաքատեղին, 9 այլ հենակետեր, 8 տանկ, երեք հրետանային կայան, խոշոր տրամաչափի զինատեսակներ կրող 17 ամենագնաց և զենքի 4 պահեստ։
Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ ռազմաօդային ուժերի հաջող հարվածների շնորհիվ սիրիական բանակը կարողացել է շարունակել առաջխաղացումը Եփրատ գետի երկայնքով։