Իսլամական պետությունը վերահսկում է Սիրիայի տարածքի ընդամենը 10%-ը․ ՌԴ ՊՆ
Վերջին երկու տարվա ընթացքում սիրիական բանակը ռուսական ռազմաօդային ուժերի աջակցությամբ զգալիորեն կրճատել է Իսլամական պետության վերահսկողության տակ գտնվող տարածքները՝ 90%-ից հասցնելով 10%-ի, այն էլ այն դեպքում, երբ Միացյալ Նահանգներն զբաղվում է ահաբեկիչներին զինելով։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ պատասխանելով ամերիկացի լրագրող Մայքլ Բոմի խոսքերին։
Ավելի վաղ «Эхо Москвы» ռադիոալիքի եթերում Բոմը հայտարարել էր, որ Իրաքի և Սիրիայի տարածքի 90%-ն Իսլամական պետությունից ազատագրվել է շնորհիվ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի։
«Եթե խոսենք Մայքլ Բոմի հայտարարության մասին, ապա պետք է նրան հիշեցնել, որ այդ տարածքներն ազատագրվել են ոչ միայն ահաբեկիչներից, այլև հենց կոալիցիայից»։, - ընդգծել է Կոնաշենկովը։
Նա հիշեցրել է, որ 2015 թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ Սիրիայի տարածքի 90%-ը գտնվում էր ահաբեկիչների և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ։ «Իսկ ԱՄՆ-ի գործողությունների շրջանակը սահմանափակվում էր ընդդիմության անվան տակ քողարկված ծայրահեղական ուժերի գրոհներին աջակցելով և Սիրիայի օրինական իշխանությունների տապալման ժամերը հաշվելով», - շարունակել է ռուս գեներալը։
Նրա խոսքով՝ Սիրիայում ԻՊ զինյալներից տարածքներ ազատագրելու գործում չկա ամերիկյան ներկայության որևէ հետք։