Ամերիկացիները Ռաքքայում ռմբակոծում են բնակելի թաղամասերը․ ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ի զինված ուժերը սիրիական Ռաքքա քաղաքում ռմբակոծում են խաղաղ բնակչությանը՝ ոչնչացնելով ջրամատակարարման աղբյուրները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռմբակոծությունները Ռաքքայի բնակելի թաղամասերին, բնական ջրի աղբյուրների դիտավորյալ ոչնչացումը չեն բերել ոչ մի նոր բան, բացի հազարավոր անմեղ զոհերից․ սա ռազմական գործողությունն անգրագետ կերպով ծրագրելու վառ օրինակ է», - ասել է Կոնաշենկովը։

Նա նշել է նաև, որ այս գործողությունները խոսում են կոալիցիայի ղեկավար կազմում տիրող «բթացած» վիճակի մասին և հակադրությունն են սիրիական բանակի կողմից Մեյադին քաղաքի ազատագրման գործողության։

Իսլամական պետության կենտրոնը համարվող Ռաքքա քաղաքի ազատագրական գործողությունն սկսվել է հունիսի 6-ին։ Գործողությանը մասնակցում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF-Syrian Democratic Forces) զինված կոալիցիան։ Նրանց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, ինչպես նաև Իրաքից եկած ամերիկյան հատուկ ջոկատները։ Սիրիական աղբյուրերը նշում են, որ գործողության սկզբից SDF-ին հաջողվել է ոչնչացնել Իսլամական պետության մոտ 1200 ահաբեկչի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.