Եվրամիությունը սահմանափակել է Վենեսուելային զինամթերքի մատակարարումը

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունները կողմ են Վենեսուելային զինամթերքի մատակարարումը սահմանափակելու որոշմանը, ինչպես նաև հետագայում նոր պատժամիջոցներ կիրառելու առաջարկներին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով ԵՄ աղբյուրներին։

«ԱԳ նախարարները համաձայնեցրել են զինամթերքի մատակարարման վրա սահմանափակում դնելու մասին որոշումը, ինչպես նաև ստեղծել են սև ցուցակ՝ ներառելով այն ֆիզիկական անձանց, որոնց նկատմամբ կիրառվելու են անհատական պատժամիջոցներ», - Ռիա Նովոստի-ն մեջբերում է եվրոպացի դիվանագետի խոսքերը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ ժամանել է Բրյուսել մասնակցելու ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը, որտեղ պետք է որոշվի Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցները «նախագահ Մադուրոյին կօգնեն արթնանալ»։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլից Վենեսուելայում սոցիալ-տնտեսական ճգնաժամ է։ Ընդդիմությունը բողոքում է Մադուրոյի իշխանության դեմ։ Բողոքի պատճառ է դարձել Գերագույն դատարանի որոշումը, որով ընդլայնվում էր պետության ղեկավարի լիազորությունները, միևնույն ժամանակ սահմանափակվում՝ խորհրդարանինը։

Ճգնաժամի սկզբից ոստիկանության և ընդդիմության բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 120 մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.