«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական զորամիավորումը կարող է դառնալ սիրիական բանակի մաս

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF-Syrian Democratic Forces) արաբաքրդական զորամիավորումն ապագայում կարող է դառնալ սիրիական բանակի մի մասը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՍԴՈւ-ի խորհրդի համանախագահ Ռիադ Դարարը․ գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ հակամարտության քաղաքական կարգավորումը հնարավորություն կտա միավորվել Սիրիայի Զինված ուժերի հետ, որն էլ զինամթերքով կապահովի ՍԴՈւ-ին։

«Եթե մենք հասնենք սիրիական մեկ միասնական պետության հաստատմանը, ապա այլևս կարիք չի լինի պահպանել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» գոյությունը», - ընդգծել է Դարարը։

ՍԴՈւ-ի խորհուրդն ստեղծվել է նախորդ տարվա մարտին Սիրիայի հյուսիսային Ռումեյլան քաղաքում։ Այստեղ բնակչության գերակշիռ մասը քրդեր են։ Այս տարածքների ընդհանուր անվանումը քրդերի շրջանում հայտնի է որպես «Ռոժավա» կամ «Սիրիական Քուրդիստան» (քրդերի երազած հայրենիքի հարավարևմտյան մասն է)։ Սիրիայի իշխանութունները չեն ընդունում այս անվանումները՝ համարելով, որ Սիրիայում կան շրջաններ, որոնք բնակեցված են քրդերով, այն էլ՝ ոչ ամբողջությամբ։ ՍԴՈւ-ի շարքերում կռվում է մոտ 50 հազար զինյալ։ Նրանք նույնպես մասնակցել են Իսլամական պետությունից Ռաքքա քաղաքի ազատագրման գործողություններին։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.