Վստահ եմ, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասը Երուսաղեմը ճանաչելու է որպես Իսրայելի մայրաքաղաք․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահ է, որ Եվրամիության անդամ բոլոր երկրները կամ դրանց մեծ մասը Երուսաղեմը ճանաչելու են որպես Իսրայելի մայրաքաղաք և այնտեղ են տեղափոխելու իրենց դեսպանատները։ Այս մասին Նեթանյահուն հայտարարել է ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից առաջ։

«Ժամանակն է եկել, որ պաղեստինցիները ճանաչեն հրեական պետությունը, ինչպես նաև ընդունեն այն փաստը, որ այդ պետությունն ունի մայրաքաղաք, և դա Երուսաղեմն է», - ասել է Նեթանյահուն։

«Հավատում եմ, որ ԵՄ անդամ բոլոր պետությունները կամ գոնե դրանց մեծ մասը շուտով իրենց դեսպանատները կտեղափոխեն Երուսաղեմ՝ այն ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք, և կսկսեն մեզ հետ աշխատել անվտանգության և խաղաղության պայմաներում», - հավելել է Իսրայելի վարչապետը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարել է, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչպես նաև ցանկություն է հայտնել Թել Ավիվից այստեղ տեղափոխել ամերիկյան դեսպանատունը։

1995 թ․ ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրենք, որով Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը պետք է Թել Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ։ Քաղաքի վիճելի կարգավիճակի պատճառով ԱՄՆ-ի բոլոր նախագահներն ամեն վեց ամիսը մեկ ստորագրում էին փաստաթուղթ վերոնշյալ օրենքի կատարումը հետաձգելու մասին։

Թրամփի այս որոշումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում, հատկապես՝ Պաղեստինում։ Բողոքի ցույցեր են սկսվել հենց Երուսաղեմում, որտեղ բախումների հետևանքով արդեն հարյուրավոր մարդիկ են տուժել։

Իսրայելը Երուսաղեմն արևելյան թաղամասերով հանդերձ համարում է իր «միակ և անբաժան մայրաքաղաքը», որը գրավվել է 1967 թ․ Վեցօրյա պատերազմի (հայտնի նաև որպես Երրորդ արաբաիսրայելական պատերազմ անվանումով, - խմբ․) ընթացքում։

Երուսաղեմի կարգավիճակի հարցը մերձավորարևելյան այս հակամարտության կարևորագույն կողմն է, որը պետք է կարգավորվի պաղեստինցիների հետ բանակցությունների հիման վրա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.