Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության ենթադրյալ կազմակերպիչը

Թուրքիայում ձերբակալել են մի տղամարդու, որը ենթադրաբար կարևոր դեր է խաղացել Անկարայում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Անդրեյ Կարլովի սպանության կազմակերպման գործում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah թերթը։
Աղբյուրի համաձայն՝ կասկածյալը Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող Գյուլենական շարժման անդամ է։ Նրան աշխատանքից հեռացրել են հիշյալ շարժման հետ առնչություն ունենալու պատճառաբանությամբ։
Նշվում է նաև, որ ձեբակալվածն օգտագործել է ByLock բջջային հավելվածը։ Թուրքիայի ոստիկանության համոզմամբ՝ հեղաշրջման փորձի կազմակերպիչները միմյանց հետ շփվել են հենց այս բջջային հավելվածի միջոցով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անդրեյ Կարլովի սպանության գործով ձերբակալվել է 5 մարդ։ Ձերբակալվածների թվում է եղել նաև այն ցուցահանդեսի կազմակերպիչը, որի ժամանակ էլ տեղի էր ունեցել ռուս դեսպանի սպանությունը։
Հիշեցնենք, որ 2016 թ․ դեկտեմբերի 19-ին Անկարայի Ժամանակակից արվեստների կենտրոնում ցուցահանդեսի ժամանակ սպանվել էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը։ Մարդասպանը, որը ոչնչացվել էր հատուկ գործողության արդյունքում, 22-ամյա Մևլութ Մերթ Ալթընթաշն էր։ Նա Իզմիրի ոստիկանական դպրոցի շրջանավարտ էր և 2.5 տարի աշխատել էր Անկարայի ոստիկանությունում։





