Իվանովիչի սպանությունն ահաբեկչական գործողություն է․ Սերբիայի նախագահ
Քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի՝ Կոսովոյում տեղի ունեցած սպանությունը ահաբեկչական գործողություն է։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։
«Սերբիա պետության համար սա ահաբեկչական գործողություն է, և մենք հենց այսպես ենք վերաբերվելու տեղի ունեցածին», - սպանության առիթով ունեցած հատուկ ելույթի ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 16-ին Կոսովոյի հյուսիսային Միտրովիցա քաղաքում սպանվել էր հայտնի սերբ քաղաքական գործիչ, «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Օլիվեր Իվանովիչը։
Անհայտ անձը Իվանովիչի ուղղությամբ կրակն արձակել է մեքենայով ընթանալու ժամանակ, երբ սերբ գործիչը մուտք գործելիս է եղել կուսակցության շենք։
Օլիվեր Իվանովիչը Կոսովոյի սերբերի առաջնորդներից մեկն է։ 2008-2012 թ․թ․ զբաղեցրել է Կոսովոյի հարցերով Սերբիայի կառավարության պետքարտուղարի պաշտոնը։
2016 թ․ քաղաքական գործիչը ռազմական հանցագործություն կատարելու մեղադրանքով դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ բաց էր թողնվել։