ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

Հունվարի 18-ին Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել է առանձնազրույցի ձևաչափով։
«Հանդիպմանը շարունակվեցին անցյալ դեկտեմբերին կայացած քննարկումները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ», - ասվում է ԱԳՆ մամուլի հաղորդագրութան մեջ։
Հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանն իր ադրբեջանցի գործընկերոջը կոչ է արել հետևել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերը անշեղորեն հարգելու կոչերին և կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Հայաստանի և Ադբեջանի ԱԳ նախարարները և համանախագահները քննարկել են հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ քայլերի իրականացումը և բանակցային գործընթացի ակտիվացման հնարավորությունները։
Հանդիպման արդյունքում որոշվել է, որ փետրվարի առաջին կեսին եռանախագահները կայցելեն տարածաշրջան։