Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Այսօր՝ փետրվարի 9-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Ֆիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Համանախագահները Երևան են եկել Բաքվից, որտեղ ունեցած հանդիպումների արդյունքները ներկայացրել են Սերժ Սարգսյանին։

«ՀՀ նախագահը, համանախագահների ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, նշել է, որ դրանք ևս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից, ինչպես նաև ցույց են տալիս, թե ինչպես է Բաքուն արձագանքում հասարակությունները խաղաղության պատրաստելու եռանախագահների շարունակական կոչերին», - ասվում է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հանրապետության նախագահին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։

Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.