Ռուսաստանը չի սպառնում ՆԱՏՕ-ի անդամներից ոչ մեկին․ Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարծում է, որ Ռուսաստանը չի սպառնում Դաշինքի անդամ պետություններից ոչ մեկին։ Ինչպես գրում է Lenta-ն, Սթոլթենբերգն այս մասին խոսել է Foreign Policy-ին տված հարցազրույցի ընթացքում։

Նրա խոսքով՝ եթե Ղրիմի և Ուկրաինայի դեպքերը կրկին տեղի ունենային, ապա Դաշինքի կողմից անպայման պատասխան կհետևեր։ Սթոլթենբերգը վստահեցրել է, որ այս պահին ՆԱՏՕ-ն իրականացնում է հավաքական պաշտպանության՝ Սառը պատերազմի ժամանակներից սկսած ամենախոշոր ամրացումները։ Նա նշել է, որ այս արձագանքը հաջորդել է «Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»։

Փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Ռուսաստանը խախտում է միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագիրը՝ այդպիսով «սանձազերծելով նոր միջուկային մրցավազք»։

Սթոլթենբերգի խոսքով՝ Ռուսաստանում միջուկային զենքերի արդիականացումը կարող է եվրոպական մյուս պետություններին ստիպել զարգացնել իրենց միջուկային ծրագրերը։

Հատկանշական է, որ այս հայտարարությունից մոտ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատարարել էր, որ  ամերիկյան միջուկային սպառազինությունը միշտ էլ լինելու է աշխարհում ամենամեծը։

ԱՄՆ-ը փետրվարի 3-ին հրապարակել էր միջուկային դոկտրինը, որտեղ նշված էր, որ  Ռուսաստանը կարող է առաջինը միջուկային հարված հասցնել իր հակառակորդներին։

Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին համաձայնագիրը կնքվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև 1987 թ․։ Համաձայնագրը թույլ չի տալիս կողմերին ունենալ ցամաքային տեղակայման, ինչպես նաև թևավոր հրթիռներ գործողության՝ 500-ից մինչև 5500 կիլոմետր շառավիղով։ Մոսկվան և Վաշինգտոնը հաճախ մեղադրում են միմյանց համաձայնագրի դրույթները խախտելու մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.