Թեհրանը քայլեր կձեռնարկի, եթե Վաշինգտոնը որոշի դուրս գալ միջուկային համաձայնագրից․ Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջամիտ քայլեր կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը որոշի դուրս գալ Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից։ Այս մասին Թեհրանում կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Միացյալ Նահանգները դուրս գա ՀՀԳԾ-ից, մենք ադեկվատ միջոցներ կձեռնարկենք՝ գործի դնելով մեր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները», - ասել է Գասեմին՝ հավելելով, որ Թեհրանը հետաքրքրված է ՀՀԳԾ-ով, սակայն Վաշինգտոնը մշտապես գործում է Իրանի հետաքրքրություններին հակառակ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «յուրաքանչյուր հարձակում Իրանի հասցեին անհիմն է և ուժ չունի»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրաժարվել էր պաշտոնապես հաստատել Կոնգրեսին, որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի շրջանակում հանձնառած պարտավորությունները։ Նա նաև նշել էր, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ կաշխատի լրացնել «համաձայնագրում առկա լուրջ թերությունները», այնուհետև հավելել էր, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ, քանի որ «վերջինս աջակցում է ահաբեկչությանը»։
Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծե են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։