Մշտական կապի մեջ եմ Դոնբասի հետ․ Յանուկովիչ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ շարունակում է շփվել Դոնբասի ներկայացուցիչների հետ և չի կորցնում այդ շրջանի հետ կապը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես շատ հաճախ հանդիպում եմ Դոնբասի ներկայացուցիչների հետ։ Ես չեմ կորցնում նրանց հետ կապը, սակայն չեմ մանրամասնի, թե ինչ ձևով եմ դա անում», - ասել է Յանուկովիչը։
Նրա խոսքով՝ ինքը 100%-ով տիրապետում է այդ շրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվությանը։
«Ես բոլորի հետ համաձայն չեմ, թե ինչ է կատարվում այնտեղ, սակայն մարդիկ ծանրագույն իրավիճակում են, նրանց օգնություն է անհրաժեշտ։ Եթե մեզ հաջողվի դա անել, ապա հաջորդիվ լինելու է նորմալ կյանքի ադապտացիայի ահռելի շրջան», - ասել է նախկին նախագահը։
Անդրադառնալով Դոնբասում իրադարձությունների զարգացման սցենարին՝ Յանուկովիչն ասել է․ «Սցենարներ կանխագուշակելը բավական անշնորհակալ գործ է։ Իմ համոզմամբ՝ կա մեկ սցենար․ դադարեցնել պատերազմը, սկսել խաղաղ բանակցություններ Դոնբասի ներկայացուցիչների և միջազգային դիտորդների մասնակցությամբ։ Սա պարտադիր պայման է»։