Եվրոպական Միության արձագանքը Սկրիպալի գործին

Եվրոպական Միության անդամ պետությունների ղեկավարները որոշել են հետ կանչել Ռուսաստանի Դաշնությունում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին։ Այս մասին, ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լեվենը։

Լրատվականի տվյալներով՝ ԵՄ անդամ մի քանի պետություններ նույնպես կարող են արտաքսել  ռուս դիվանագետներին՝ կապված Սկրիպալի գործի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դեսպան Էդերերին կարող են Բրյուսել կանչել մոտ մեկ ամսով՝ խորհրդակցության։

«Որոշումը կայացրել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության կողմից։ Կոնկրետ ժամկետներ չեն նշվել, սակայն, կարծում եմ՝ խոսքը մոտ մեկ ամսվա մասին է», - ասել է ԵՄ ներկայացուցիչը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։

Մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում նյարդապարալիտիկ նյութով թունավորվել են ՌԴ հետախուզության նախկին գնդապետ Սերգեյ Սիպալը և նրա դուստրը։

Բրիտանական կողմի պնդմամբ՝ նրանց թունավորել են «Новичок» կոչվող նյութով, որը պատրաստվել է ԽՍՀՄ-ում՝ ռազմական նպատակների համար։ 

Ավելի ուշ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց, որ երկրից արտաքսվում են ռուս 23 դիվանագետներ։ Սրան ի պատասխան՝ Մոսկվան նույնպես հայտարարեց բրիտանացի 23 դիվանագետների արտաքսելու, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում Միացյալ Թագավորության գլխավոր հյուպատոսարանը փակելու մասին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով Սկրիպալի գործին, հայտարարել է, որ Եվրոպական Միությունը նույնպես պատասխան է պատրաստել Ռուսաստանի Դաշնությանը։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ իրենք Սկրիպալի և նրա դստեր թունավորման հարցում եկել են նույն այն եզրահանգման, ինչ՝ Մեծ Բրիտանիան։

«Այդ եզրակացությունը թույլ է տալիս հստակորեն ասել, որ կիրառված թունավոր նյութը ռուսական ծագում ունի», - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր Մակրոնը՝ հավելելով, որ մոտ ապագայում Գերմանիան և Ֆրանսիան Սկրիպալի գործով հանդես կգան համատեղ որոշմամբ։

ԵՄ անդամ 28 պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած բանակցությունների առաջին օրը երեք ժամ տևած քննարկումներից հետո որոշեցին մշակել ընդհանուր պատասխան Սկրիպալի գործի վեաբերյալ։ Այսպես՝ Հունաստանը, Կիպրոսը, Հունգարիան, Չեխիան և Իտալիան չեզոք դիրք ընդունեցին այս հարցում։ Առաջարկներ հնչեցին Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, որոնք, սակայն, հավանության չարժանացան։

Անդրադառանալով ԵՄ դեսպանին հետ կանչելու որոշմանը՝ Կրեմլի մամուլի խոսակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան ցավում է Եվրամիության այս որոշման համար, և ևս մեկ անգամ հավաստիացրել, որ Ռուսաստանը կապ չունի հետախուզության նախկին գնդապետի թունավորման հետ։

«Մենք նախ պետք է տեսնենք, թե ինչ որոշումներ են կայացվում, հասկանանք՝ ինչի հիման վրա են դրանք կայացվել, ապա նոր խոսենք հակաքայլերի մասին», - նշել է Պեսկովը՝ անդրադառնալով ԵՄ անդամ մի քանի պետություններից ՌԴ դեսպաններին արտաքսելու հավանականությանը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հիասթափություն են հայտնել, որ Եվրամիությունն աջակցել է Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում տեղի ունեցածի հարցով։ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Արտյոմ Կոժինի խոսքով՝ ԵՄ-ը կրկին աջակցեց Լոնդոնի նախաձեռնած հակառուսական արշավին՝ «ևս մեկ խոչընդոտ ավելացնելով մայրցամաքում իրավիճակի կայունացման ճանապարհին»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.