Եգիպտոսի գործող նախագահն ընտրություններին հավաքել է 97% ձայն

Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին հաղթել է մարտի 26-ից 28-ը անցկացված նախագահական ընտրություններում՝ հավաքելով 97% ձայն։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը․ գրում է ՏԱՍՍ-ը։

ԿԸՀ-ի տվյալներով՝ Ալ Սիսիի օգտին քվեարկել է 21,835,387 մարդ, ինչը կազմում է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 97.08%-ը։ Քվեարկությանը մասնակցել է 24,254,152 մարդ, ինչը ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 41.05%-ն է։ Եգիպտոսում ընտրելու իրավունք ունի 57,078,138 մարդ։

Ալ Սիսիի միակ հակառակորդը «Ալ Գադ» կուսակցության առաջնորդ Մուսա Մուսթաֆա Մուսան էր, որի օգտին քվեարկել է ընտրողների 2.92%-ը կամ 656,500 մարդ։

Անվավեր է ճանաչվել 1,76 միլիոն քվեաթերթիկ կամ ընդհանուր թվի 7,27%-ը։

Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համոզմամբ՝ կոպիտ ընտրախախտումներ չեն գրանցվել, բացի այն դեպքերից, երբ ժամանակից շուտ են բացվել մի քանի ընտրատեղամասեր։

Համաձայն Եգիպտոսի սահմանադրության՝ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունիսի 2-ին։ Սա նշանակում է, որ երկրորդ անգամ ընտրված Ալ Սիսիի երդմնակալության արարողությունը պետք է տեղի ունենա մինչև այդ ժամկետը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.