Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները

Ադրբեջանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Տեղի ժամանակով 08:00-ին բացվել են ընտրատեղամասերը։ Քվեարկությունը տևելու է մինչև 19:00-ն։

Ադրբեջանում ընտրելու իրավունք ունի 5,3 միլիոն քաղաքացի, որոնք քվեակելու են 125 շրջանների 5641 ընտրատեղամասերում։

Նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն նաև Ադրբեջանի՝ արտասահմանում գտնվող քաղաքացիները, որոնք կքվեարկեն տարբեր երկրներում գտնվող դեսպանատներում և հյուպատոսարաններում։ Արտասահմանում գործելու է 41 ընտրատեղամաս։

Նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել 8 թեկնածուներ․ գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ադրբեջանի միավորված ազգային ճակատ» կուսակցությունը ներկայացնող Գուդրաթ Հասանգուլիևը, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արազ Ալիզադեն, «Ազգային վերածննդի շարժում» կուսակցության ղեկավար Ֆարաջ Գուլիևը, անկուսակցական պատգամավոր Զահիդ Օրուջը, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչ Հաֆիզ Հաջիևը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սարդար Մամեդովը և «Ժողովրդական ճակատ» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Ռազի Նուրրուլաևը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.