Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը չի կարողացել նշել այն նյութի անունը և ծագումը, որով թունավորել են Սերգեյ Սկրիպալին
Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը հաստատել է բրիտանացի մասնագետների այն եզրահանգումները, որ Սերգեյ Սկրիպալին և նրա նրա դուստերը՝ Յուլյային, թունավորել են նյարդապարալիտիկ նյութի օգնությամբ, սակայն կազմակերպությունը չի կարողացել պարզել նյութի ծագումը։ Այս մասին ասվում է Associated Press գործակալության թվիթերյան էջում։
Sky News-ը, հղում կատարելով կազմակերպության եզրակացությանը, նշում է, որ տվյալ նյութը առանձնացել է մաքրության բարձր աստիճանով։ Կազմակերպության՝ ավելի ուշ հրատարակած հաշվետվությունում ասվում է, որ ՔԶԱԿ-ը հաստատել է Սոլսբերիում կիրառված նյութի մասին Մեծ Բրիտանիայի իշխանությունների հաղորդած տվյալները։ Ընդ որում՝ 12 կետանոց այս փաստաթղթում չկան տեղեկություններ թունավոր նյութի ծագման վերաբերյալ։
Ավելի վաղ ՔԶԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունից հայնտել են, որ փաստաթղթի ուսումնասիրության համար ժամանակ կպահանջի։ Ռուսական կողմից այս կապակցությամբ հայտարարություններ դեռևս չկան։
Այս տարվա մարտի 4-ին ՌԴ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը (նրան Ռուսաստանում մեղադրում են Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն կատարելու մեջ, -խմբ․) և նրա դուստրն անգիտակից վիճակում հայտնաբերվել են Սոլսբերի քաղաքի կենտրոնում գտնվող այգիներից մեկի նստարանին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց․ բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։
Բրիտանական կողմը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Ռուսաստանին։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները և պահանջում՝ ապացույցներ ներկայացնել։
Ավելի ուշ բրիտանացի մասնագետները հայտարարեցին, որ կիրառվել է «Новичок» կոչվող թունավոր նյութը, սակայն դրա ծագման վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն։
Ի աջակցություն Մեծ Բրիտանիայի իշխանությունների՝ Լոնդոնի դաշնակից մի շարք պետություններ իրենց երկրներից արտաքսեցին ռուս դիվանագետների։ Մոսկվան հայելային պատասխան տվեց բոլոր այս պետություններին։