Չեխիայի նախագահը խոստովանել է, որ իր երկիրն առնչություն է ունեցել «Новичок» կոչվող թունավոր նյութի պատրաստման գործին
«Новичок» կոչվող նյարդապարալիտիկ նյութը, որով ենթադրաբար թունավորել են ՌԴ հետախուզության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային, պատրաստվել և պահեստավորվել է Չեխիայում։
Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միշոլ Զեմանը․ գրում է Lenta-ն՝ հղում կատարելով չեխական Irozhlas պարբերականին։
«Քանի որ Անվտանգության ծառայության (քաղաքացիական հակահետախուզություն) տեղեկատվությունը գաղտնի չէ, ես կարող եմ պատմել այն։ 2017 թ․ նոյեմբերին պաշտպանության նախարարության՝ Բռնո քաղաքում գտնվող գիտահետազոտական ինստիտուտում փորձարկվել է նյարդապարալիտիկ թույնը, որը դասակարգվել է որպես A230։ Թույնը պատրաստվել է բավական քիչ քանակությամբ, որից հետո այն ոչնչացվել է», - ասել է Զեմանը։
Նրա խոսքով՝ Չեխիայի՝ միջուկային անվտանգության պետական վարչությունը և ռազմապատմական ինստիտուտը հաստատել են, որ վերոնշյալ նյութը եղել է ոչ թե A230 դասի, այլ ուրիշ ինչ-որ բան։
«Ես փաստաթուղթ եմ ստացել նաև ռազմական հետախուզությունից, որում հստակորեն ասվում է, որ այդ A230-ը հենց «Новичок»-ն է։ Քանի որ ռազմական հետախուզությունն ավելի մոտ է այս թեմային, քան քաղաքացիական հակահետախուզությունը, ես նման եզրահանգում կատարեցի։ Մենք քիչ քանակությամբ արտադրել և փորձարկել ենք «Новичок» կոչվող նյութը, որից հետո այն ոչնչացվել է։ Գիտենք՝ երբ և որտեղ», - պատմել է Չեխիայի նախագահը՝ հավելելով, որ ռազմական հետախուզությամբ պնդմամբ՝ A230-ը «Новичок»-ը չէ։ Այն իրականում A234-ն է։
Lenta-ն հիշեցնում է, որ ապրիլի 12-ին Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը հաստատել էր, որ Սերգեյ Սկրիպալը թունավորվել է նյարդապարալիտիկ նյութի օգնությամբ։ Կազմակերպության զեկույցում, սակայն, չի հիշատակվում «Новичок» անվանումը։
Ապրիլի 14-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հղում կատարելով շվեյցարական լաբորատորիայի կատարած հետազոտություններին, հայտարարել էր, որ Սկրիպալների թունավորման համար օգտագործվել է BZ կոչվող նյութը, որն արտադրվել է ԱՄՆ-ում և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներում։
Այս տարվա մարտի 4-ին ՌԴ հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը (նրան Ռուսաստանում մեղադրում են Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն կատարելու մեջ, -խմբ․) և նրա դուստրն անգիտակից վիճակում հայտնաբերվել են Սոլսբերի քաղաքի կենտրոնում գտնվող այգիներից մեկի նստարանին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց․ բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։
Բրիտանական կողմը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Ռուսաստանին։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները և պահանջում՝ ապացույցներ ներկայացնել։
Ավելի ուշ բրիտանացի մասնագետները հայտարարեցին, որ կիրառվել է «Новичок» կոչվող թունավոր նյութը։
Ի աջակցություն Մեծ Բրիտանիայի իշխանությունների՝ Լոնդոնի դաշնակից մի շարք պետություններ իրենց երկրներից արտաքսեցին բազմաթիվ ռուս դիվանագետների։ Մոսկվան հայելային պատասխան տվեց բոլոր այս պետություններին։