Իսրայելը գրոհել է Սիրիայում գտնվող իրանական տասնյակ ռազմական օբյեկտներ

Մայիսի 10-ի առավոտյան Իսրայելը, ի պատասխան Գոլանի բարձունքում բանակային դիրքերի հրթիռակոծությանը, գրոհել է Սիրիայում գտնվող իրանական տասնյակ դիրքեր։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտնել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից։

«Իսրայելի բանակը գրոհել է Սիրիայում գտնվող իրանական «Ալ Քուդս» կոչվող ուժերի տասնյակ դիրքեր։ Լայնամասշտաբ գործողության ընթացքում հարձակման են ենթարկվել իրանական հետախուզության՝ Սիրիայում գտնվող շտաբ բնակարանը, «Ալ Քուդս» ուժերի ռազմական և նյութատեխնիկական համալիրները, Դամասկոսի հյուսիսում գտնվող իրանական ռազմական ճամբարը, զինամթերքի պահեստներ և մի շարք ռազմական հենակետեր», - ասվում է իսրայելական կողմի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել իրանական ՀՕՊ համակարգերին, որոնք, հաշվի չառնելով իսրայելական կողմի զգուշացումները, շարունակում էին կրակ վարել։

«Իրանական ուժերի հարվածների հետևանքով իսրայելական կողմից զոհեր չեն գրանցվել, չեն եղել նաև ավերածություններ։ Մեր բոլոր ինքնաթիռները բարեհաջող կերպով վերադարձել են տեղակայման վայրեր», - հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակից։

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկոսի խոսքով՝ հարվածների մասին Իսրայելը նախօրոք զգուշացրել էր Ռուսաստանին։

«Իսրայելն Իրանին թույլ չի տա ամրապնդվել Սիրիայում, իսկ սիրիական ռեժիմը պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի է ունենում իր երկրի տարածքում։ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցանկացած սցենարի, քանի դեռ իրանական կողմից առկա է սպառնալիք մեր երկրի ինքնիշխանությանը։ Իսրայելի բանակը յուրաքանչյուր գործողության պատասխանելու է խիստ վճռականությամբ», - նշում են իսրայելական բանակում։

Աղբյուր՝  http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5188578

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.