ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԵՄ-ին և Կանադային կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը

ԵՄ անդամ երկրները և Կանադան պետք է մինչև 2024 թ․ ավելացնեն իրենց ռազմական ծախսերը՝ հասցնելով 266 միլիարդ դոլարի։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«ԵՄ անդամ երկրները և Կանադան պետք է մինչև 2024 թ․ ավելացնեն պաշտպանական ծախսերը և հասցնեն այն 266 միլիարդ դոլարի», - ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ 2019 թ․ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենց ռազմական ծախսերը հասցնելու են ռեկորդային չափի։
Նա ընդգծել է, որ ծախսերի ավելացումը չի կատարվելու Վաշինգտոնին հաճոյանալու համար։
«ԵՄ անդամ երկրները և Կանադան պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը ոչ թե ԱՄՆ-ին դուր գալու, այլ սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Սա անհրաժեշտություն է։ Ուժեղ ՆԱՏՕ-ն լավ է թե Եվրամիության, թե ԱՄՆ-ի համար», - նշել է Սթոլթենբերգը։
Նրա կարծիքով՝ Դաշինքի անդամները պետք է նվազագույնի հասցնեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առևտրային պատերազմի ազդեցությունը ՆԱՏՕ-ի վրա։
«ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրները պետք է ավելացնեն իրենց ռազմական ծախսերը, իսկ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազագույնի հասցնենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առկա տարաձայնությունների ազդեցությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։