ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը պետք է հարթի ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև տարաձայնությունները․ Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը պետք է հարթի ԱՄՆ-ի և Եվրոպական Միության միջև առկա բոլոր անհամաձայնությունները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Դաշնակիցների միջև լինում են տարաձայնություններ, սակայն ես վստահ եմ, որ գագաթնաժողովը կարող է հասնել արդյունքի և հարթել ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առկա անհամաձայնությունները», - ասել է Սթոլթենբերգը։
Նա հերթական անգամ կրկնել է այն միտքը, որ Դաշինքի անդամներն իրենց ռազմական ծախսերը հասցրել են ռեկորդային մակարդակի, և որ նրանք կարող են այս հարցում հասնել փոխըմբռնման։
Ավելի վաղ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Դաշինքի անդամների միջև անհամաձայնություն կա ռուսական գազի, մասնավորապես՝ «Հյուսիսային հոսք-2» նախագծի շուրջ։ Գագաթնաժողովին նախորդած մամուլի ասուլիսի ընթացքում Սթոլթենբերգը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև առկա առևտրային պատերազմը չի օժանդակում փոխըմբռնմանը Դաշինքի ներսում։