Ռոհանիի՝ ԱՄՆ կատարած վերջին այցի ժամանակ Թրամփը հանդիպման 8 առաջարկ է արել իրանական պատվիրակությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին 8 անգամ առաջարկել է հանդիպել, երբ վերջինս 2017 թ․ սեպտեմբերին ժամանել էր Նյու Յորք մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային։ Այս մասին հայտարերել է Իրանի նախագահի գրասենյակի ղեկավար Մահմուդ Վաեզին։
«ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում Ռոհանիի՝ Նյու Յորք կատարած վերջին այցի ժամանակ Թրամփը իրանական պատվիրակությանը 8 անգամ առաջարկել է հանդիպում կազմակերպել նախագահ Ռոհանիի հետ», - ասել է Վաեզին։
Ինչպես նախորդ տարվա հոկտեմբերին հաղորդում էր Fars գործակալությունը, հանդիպման առաջարկը ստացվել է ԱՄՆ նախագահի՝ ՄԱԿ-ում ունեցած հակաիրանական ելույթի հաջորդ օրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է միջնորդի դեր ստանձնել և կազմակերպել այդ հանդիպումը, սակայն ապարդյուն։ Իրանցի վերլուծաբան Մահդի Ֆազաելիի խոսքով՝ Միացյալ Նահանգներն արդեն մի քանի անգամ հանդես են եկել նման նախաձեռնությամբ։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Գասեմին հաստատել է տեղեկություններն առ այն, որ Թրամփը Ռոհանիի հետ հանդիպելու բազմաթիվ առաջակներ է արել, սակայն Իրանի նախագահը մերժել է դրանք։
Իրանի ԱԳՆ խոսնակը, սակայն, հերքել է տարածված տեղեկությունները, թե Ֆրանսիայի նախագահ Մակրոնը փորձել է միջնորդել և կազմակերպել այդ հանդիպումը։