Սիրիական զորքերը վերահսկում են Դերաա նահանգի շուրջ 90%-ը․ Զախարովա
Սիրիական զորքերը մինչև հուլիսի 16-ը ազատագրել են երկրի հարավարևմուտքում գտնվող Դերաա նահանգի շուրջ 90%-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Ընդհանուր լարվածության ֆոնին մի քանի դրական երևույթներ իրենց վրա ուշադրություն են հրավիրում։ Դրանք հիմնականում կապված են Սիրիայի կառավարական զորքերի՝ երկրի հարավարևմուտքում գրանցած հաջողությունների հետ։ Սիրիական զորքերը Դերաա նահանգում գնալով ավելի են ճնշում ահաբեկիչներին, որոնք շատ դեպքերում առանց մարտերի հանձնում են բնակավայրեր և ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ։ Հուլիսի 16-ի դրությամբ՝ իշխանությունները վերահսկում են նահանգի տարածքների 90%-ը», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ երեք օր առաջ Դերաայից դուրս են բերվել ավելի քան 400 ահաբեկիչներ և նրանց ընտանիքների անդամներ։ Զախարովան խոսել է նաև տվյալ նահանգում հումանիտար վիճակի բարելավվման մասին։
Հիշեցնենք, որ 2017 թ․ հուլիսին Մոսկվան, Վաշինգտոնը և Ամմանը համաձայնության էին եկել Սիրիայի հարավարևելքում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ, որը ներառելու էր Սիրիայի հարավային երեք նահանգները՝ Դերաան, Էլ Կունեյթրան և Աս Սուվայդան։ Վերջին շրջանում Դերաայում որոշակի ակտիվություն էր նկատվում սիրիական ընդդմության, «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, փորձում էին ԱՄՆ-ի օժանդակությամբ ինքնավարություն ստեղծել Սիրիայի հարավում։
Աղբյուր՝ http://tass.ru/politika/5384428