Մոսկվան երբեք չի դառնա Վաշինգտոնի բարեկամը․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի դառնա ԱՄՆ-ի բարեկամը։ Այս մասին նա խոսել է CBN-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Մենք չենք վստահում Ռուսաստանին, մենք չենք վստահում Վլադիմիր Պուտինին և երբեք էլ չենք վստահի։ Նրանք երբեք չեն դառնա մեր բարեկամը։ Սա ուղղակի փաստ է», - նշել է Հեյլին։
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է տեղի ունենար։ Հեյլին ընդգծել է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը երկար սպասված էր, և ինքը գոհ է Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի վարած քաղաքականությունից։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ Վլադիմիր Պուտինը երբևէ կարող է դառնալ իր ընկերը։ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ունեցած իր ելույթի ժամանակ Թրամփը նշել էր, որ Պուտինին համարում է իր հակառակորդը, բայց ոչ՝ թշնամին։
«Պուտինը ներկայացնում է Ռուսաստանը, իսկ ես՝ ԱՄՆ-ը։ Նա իմ հակառակորդն է։ Հարցն այն չէ, թե նա իմ ընկերն է կամ թշնամին։ Նա թշնամի չէ, և ես հույս ունեմ, որ մի օր նա կդառնա իմ բարեկամը», - ասել էր Թրամփը։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Սա երկու նախագահների լիարժեք ձևաչափով առաջին հանդիպումն էր։ Երկու երկրների առաջնորդներն էլ հայտարարել են, որ չափազանց մեծ քայլ է կատարվել առաջ։
Ավելի վաղ երկու նախագահները հանդիպել էին երկու անգամ՝ 2017 թ․ հուլիսին և նոյեմբերին՝ միջազգային խոշոր միջոցառումների շրջանակներում։





