Մոսկվան արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Փհենյանի նկատմամբ նոր պատժամիջոցեր սահմանելու մասին ԱՄՆ-ի դիմումը

Մոսկվան արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱՄՆ-ի դիմումը ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնելու մասին։ Վաշինգտոնը ցանկանում էր պատժամիջոցների ցուցակում ընդգրկել նոր ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում համոզիչ չեն համարել Վաշինգտոնի ներկայացրած պատճառները, որոնց վրա հիմնվելով ԱՄՆ-ը ցանկանում էր ընդլայնել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցերը։

«Ակնհայտ է, որ Վաշինգտոնը փորձում է պահպանել առավելագույն ճնշումը Փհենյանի նկատմամբ որքան հնարավոր է երկար՝ մինչև ապամիջուկայնացման գործընթացի ավարտը։ Կորեական հակամարտության կարգավորմանը նման ապակառուցողական մոտեցումը ծայրահեղ մտահոգություն է հարուցում», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի ձգտումները դեմ են Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված լարված իրավիճակը թուլացնելու տրամաբանությանը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել ռուսական «Агросоюз» բանկի նկատմամբ։ Բացի այդ՝ ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակում էին հայտնվել չինական Dandong Zhongsheng Industry & Trade ընկերությունը, հյուսիսկորեական Korea Ungum Corporation ընկերությունը և Հյուսիսային Կորեայի՝ 1971 թ․ ծնված մի քաղաքացի, որը, ենթադրաբար, բնակվում է Մոսկվայում։

Աղբյուր՝  https://ria.ru/world/20180810/1526301907.html

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.