Թուրքիայի հետ Ռուսաստանի բարեկամությունն ուղղված չէ երրորդ պետության դեմ․ Զախարովա
Թուրքիայի հետ Ռուսաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ պետության, այդ թվում՝ Հունաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան։
«Ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք տարբեր մակարդակներում, Ռուսաստանի բարեկամությունը որևէ պետության հետ ուղղված չէ երրորդ կողմի դեմ։ Օրինակ՝ Թուրքիայի հետ մեր համագործակցությունն ուղղված չէ երրորդ կողմի դեմ», - ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Հունաստանի արտգործնախարարության հայտարարությունը։
Նախօրեին Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ կապված ռուս դիվանագետների արտաքսմանը Մոսկվայի պատասխան քայլերի հետ։ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ռուսաստանն անվանել է «Թուրքիայի զինակից ընկեր»։
Աթենքն ընդգծում է, որ Ռուսաստանը չի ընդունում, որ Հունաստանն ունի իր ազգային շահերն ու չափանիշները միջազգային քաղաքականության մեջ։ Նշվում է, որ Մոսկվայի պատասխան քայլերը «կամայական են և վրեժխնդիր»։