Լավրովը մեկնաբանել է Նիդերլանդներից «ռուս լրտեսներին» արտաքսելու մասին լուրերը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Նիդերլանդներից ռուս գործակալների արտաքսման մասին լուրերը, որը տեղի է ունեցել այս տարվա մարտին։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ուշադրություն է հրավիրում փաստի վրա, որ այդ որոշումը որևէ փաստով հիմնավորված չէ։
«Եթե մեզ փաստեր ներկայացնեն, մենք կկարողանանք մեկնաբանել», - ասել է նա՝ նշելով, որ չէր կարող ենթադրել, որ նման իրադարձությունը կարող էր դուրս մնալ ԶԼՄ-ների տեսադաշտից։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 13-ին, Reuters գործակալությունը հայտնում էր, որ այս տարվա մարտին Եվրոպայի հատուկ ծառայությունները Նիդերլանդներում ձերբակալել են երկու ռուսաստանցու, որոնք իբր պատրաստվում էին տվյալներ գողանալ Շվեյցարիայի քիմիական լաբորատորիայից։ Այստեղ զննության էր ենթարկվում նյարդապարալիտիկ այն նյութը, որով թունավորել էին Սկրիպալներին։
Ձերբակալվածների ինքնությունը և ձերբակալության հանգամանքները չեն ներկայացվել։ Լրատվականի փոխանցմամբ՝ ենթադրյալ լրտեսներին ձերբակալելու գործողությանը մասնակցել են Շվեյցարիայի, Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները։