Սերբիայի նախագահը երկրի զինված ուժերը բերել է մարտական ամբողջական պատրաստվածության
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրահանգել է երկրի զինված ուժերը բերել մարտական բարձրագույն պատրաստվածության Կոսովոյի հատուկ նշանակության ջոկատի գործողությունների պատճառով։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Վուչիչը վարչակազմին։
«Հրամանն ուղարկվել է Սերբիայի բանակի գլխավոր շտաբի պետին», - ասվում է նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Ամբողջական մարտական պատրաստվածության են բերվել նաև ներքին գործերի նախարարության բոլոր ստորաբաժանումները։
Ավելի վաղ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատի շուրջ 60 ծառայողներ դիրքավորվել էին Կոսովոյի հյուսիսային շրջանում գտնվող Գազիվոդա լճի մոտակայքում։ Լիճը գործարկվում է նաև որպես Հիդրոէլեկտրոկայան։
Հատկանշական է, որ Գազիվոդա ՀԷԿ-ը գտնվում է Բելգրադի վերահսկողության տակ։ Վուչիչի խոսքով՝ Սերբիան նման ենթակառուցվածքների վրա ծախսել է շուրջ երկու միլիոն եվրո։
1999 թ․ Կոսովոյի բանակի ալբանացի անջատողականների և Սերբիայի բանակի և ոստիկանության միջև սկսված ռազմական հակամարտությունը հանգեցրել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծությանը։ 2004 թ․ մարտին Կոսովոյի ալբանացիները ջարդեր սկսեցին, ինչը հանգեցրեց այստեղից սերբերի զանգվածային տեղահանման։