Bellingcat քննչական խումբը կապված է Արևմտյան հատուկ ծառայությունների հետ․ Լավրով
Բրիտանական Bellingcat նախաձեռնող խումբն ակնհայտորեն կապված է Արևմտյան հատուկ ծառայությունների հետ։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ոչ ոքի համար էլ գաղտնի չէ, դրա մասին Արևմտյան լրատվամիջոցները բացահայտ գրում են․ Bellingcat-ը կապված է հատուկ ծառայությունների հետ։ Դրա միջոցով տեղեկություններ են հաղորդվում, որը կարող է ազդեցություն ունենալ հասարակական կարծիքի ձևավորման վրա», - ասել է Լավրովը։
Ավելի վաղ Bellingcat-ը հրապարակել էր սեփական հետազոտության արդյունքները, որտեղ նշված էին այն մարդկանց անունները, որոնք, իբր, կապ են ունեցել Սկրիպալի գործի հետ։
Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը՝ Յուլիան, թունավորվել են այս տարվա մարտի 4-ին բրիտանական Սոլսբերի քաղաքում։ Միջադեպին հաջորդել է միջազգային խոշոր սկանդալ։ Լոնդոնն անմիջապես տեղի ունեցածի մեջ մեղադրեց Մոսկվային։
Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է համատեղ հետաքննություն անցկացնելու պատրաստակամության մասին, սակայն Մեծ Բրիտանիան մշտապես մերժել է այդ նախաձեռնությունը։ Թերեզա Մեյը պնդում էր, որ թունավոր նյութը պատրաստվել է Ռուսաստանում, սական ավելի ուշ Պորտոն Դաուն լաբորատորիայի մասնագետներն այս պնդումը հերքեցին։
Ավելի ուշ Լոնդոնը ներկայացրեց Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող անձանց լուսանկարները։ Մեծ Բրիտանիայում պնդում են, որ լուսանկարում ներկայացված անձինք են ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության սպաներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բաշիրովը։ Նրանք RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ զրույցում հայտարարել են, որ այցելել են Բրիտանիա որպես զբոսաշրջիկ և որևէ կապ չունեն հատուկ ծառայությունների հետ։
Աղբյուր՝ https://tass.ru/politika/5681131