Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել են ՀԱՄԱՍ խմբավորման 8 թիրախ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Իսրայելական բանակի ինքնաթիռներն, ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծությանը,  Գազայի հատվածում խոցել են ՀԱՄԱՍ խմբավորման 8 թիրախ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը։

«Այսօր ավելի վաղ Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման երեք ճամբարների ութ թիրախ», - նշել են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունում՝ հավելելով, որ վերոնշյալ խմբավորումը պատասխանատվություն է կրում Գազայի հատվածում 2007 թվականից տեղի ունեցող բախումների համար։

Նշենք, որ պաղեստինցիներն արդեն մի քանի ամիս է՝ Գազայի հատվածում ակցիաներ են իրականացնում մարտի վերջին սկսված «Վերադարձի մարշի» շրջանակներում։ Իսրայելցի զինվորականների հետ բախումներն առավել ագրեսիվ բնույթ են կրում հատկապես ուրբաթ օրերին, երբ ավանդական աղոթքից հետո փողոցներ են դուրս գալիս հազարավոր արաբներ։ Այս ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով արդեն զոհվել է 198 արաբ, ավելի քան 22 հազարը՝ վիրավորվել է։

Ավելի վաղ Իսրայելը սպառնացել էր դաժան պատասխան տալ Գազայի հատվածից հրեական պետության նկատմամբ կատարվող յուրաքանչյուր հարձակմանը կամ ոտնձգությանը։ Ի պատասխան՝ ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարները խոստացել են ավելի մեծ քանակությամբ ցուցարարներ կենտրոնացնել Իսրայելի հետ սահմանին։

«Ոչինչ չի կարող խանգարել մարդկանց շարունակել իրենց քայլերթը հանուն սեփական նպատակների իրականացման և սեփական հողում արժանապատիվ ապրելու իրավունքի իրացման», - ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.