Լրագրող Խաշոգջիի սպանության գործով կասկածյալները պետք է հարցաքննվեն Թուրքիայում․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանության գործով կասկածյալները պետք է հարցաքննվեն Թուրքիայում։

«Նրանք, ովքեր սպանել են լրագրողին, ինչ-որ մարդկանցից ստացել են որոշակի հրահանգներ։ Մենք պետք է իմանանք, թե ովքեր են այդ հրահանգներ տվողները։ Ես կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայում ձերբակալված այդ 18 անձինք պետք է հարցաքննվեն Թուրքիայում», - ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ թուրքական կողմը դեռ չի ստացել մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում նաև տեղեկություն լրագրողի դիակի գտնվելու վայրի մասին։

Խոսելով The Washington Post թերթում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակած հոդվածի մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի նախագահը դրանով ցանկացել է ընդգծել, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդուլազիզ ալ Սաուդը կապ չունի լրագրողի սպանության հրահանգի հետ։

Հիշեցնենք, որ լրագրող Ջեմալ Խաշոջին աշխատում էր ամերիկյան The Washington Post թերթում և 2017 թվականից ապրում էր ԱՄՆ-ում։ Նա անհետացել է հոկտեմբերի 2-ին, երբ մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանի շենք։

Շուրջ երկու շաբաթ Թուրքիայում սաուդական դիվանագիտական ներկայացուցչությունը պնդում էր, որ լրագրողը հեռացել է շենքից։ Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի լրատվականները հրապարակել էին երկրի գլխավոր դատախազի հայտարարությունը, ըստ որի՝ Խաշոջին մահացել է Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանում վերջինիս և դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակիցների միջև ծագած վեճի արդյունքում։ Դատախազի խոսքով՝ այդ գործով ձերբակալվել է 18 մարդ, որոնք հարցաքննվել են։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը, մեկնաբանելով լրագրողի սպանությունը, նշել է, որ հանցագործները չարաշահել են իրենց լիազորությունները։

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը և թագաժառանգ Մուհամմեդ Բին Սալման Ալ-Սաուդը հեռախոսով ցավակցել են սպանված լրագրողի ընտանիքին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.