Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 370 հրթիռ

Պաղեստինցի ծայրահեղականները Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ են արձակել 370 հրթիռ, որոնցից 100-ը չեզոքացվել է «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը։

«Իսրայելի քաղաքացիական անձանց դեմ լայնամասշտաբ հարձակման սկզբում Գազայի հատվածի ահաբեկչական խմբավորումներն Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակել են 370 հրթիռ, որոնցից 100-ը խոցվել է «Երկաթե գմբեթ» համակարգերի կողմից», - ասվում է իսրայելական բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ միայն վերջին 7 ժամվա ընթացքում հրեական պետության ուղղությամբ արձակվել է ավելի քան 70 հրթիռ։

Haaretz թերթի փոխանցմամբ՝ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ։ Իսրայելի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ տուժել է 53 մարդ։

Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հաղորդում է նաև, որ ի պատասխան տեղի ունեցած հրթիռակոծության, հրեական կողմը Գազայի հատվածում խոցել է հակառակորդի շուրջ 100 ռազմական օբյեկտ։

«Ներկա պահին խոցվել է ավելի քան 100 թիրախ, այդ թվում՝ երեք ռազմավարական օբյեկտ և ՀԱՄԱՍ խմբավորման կառավարման ենթակառուցվածքները, որոնք օգտագործվում էին ռազմական նպատակներով։ Իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածին հասցվող շարունակական հարվածները պատասխանն են այնտեղից ահաբեկչական խմբավորումների գրոհներին», - նշել են մամուլի ծառայությունում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.