Աբեն Պուտինին խոստացել է ամերիկյան ռազմաբազաներ չտեղակայել Կուրիլյան կղզիների հարավային շրջաններում
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Կուրիլյան կղզիների հարավային շրջանները ճապոնական կողմին վերադարձվելուց հետո այնտեղ չեն տեղակայվի ամերիկյան ռազմաբազաներ։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով Asahi Shimbun թերթին։
Այսպիսով՝ Ճապոնիայի վարչապետը փորձել է ցույց տալ, որ ԱՄՆ-ի անվտանգության մասին համաձայնագիրը չի ենթադրում առանց Տոկիոյի համաձայնության Ճապոնիայի տարածքում ամերիկյան ռազմաբազայի տեղակայում։
Asahi Shimbun-ը հիշեցնում է, որ 2016 թ․ վերջին Ճապոնիայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սյոթարո Յատին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլահ Պատրուշևի հետ բանակցությունների ընթացքում չէր բացառել կղզիների վերադարձի պարագայում այնտեղ ամերիկյան ռազմաբազաների տեղակայման հնարավորությունը։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, սակայն, Պուտինի ունեցած հանդիպումների ժամանակ հայտարարել էր, որ եթե Մոսկվան Տոկիոյին վերադարձնի Կուրիլյան կղզիների մի մասը, այնտեղ ԱՄՆ-ի ռազմաբազա չի տեղակայվի։ Ավելի ուշ Պատրուշևի հետ կայացած հանդիպման ժամանակ նման հավաստիացում տվել էր նաև Յատին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ Ճապոնիային առաջարկել էր մինչև տարվա վերջ կնքել համաձայնագիր առանց որևէ նախապայմանի։ Հոկտեմբերի 18-ին նա հայտարարել է, որ դրանից հետո վարչապետ Սինձո Աբեի հետ ունեցած հանդիպմանը վերջինս նշել է, որ հնարավոր չէ խաղաղ համաձայնագիր կնքել առանց տարածքների հարցը լուծելու։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը չի առաջարկում հրաժարվել տարածքների հարցից։ ՌԴ նախագահը հստակեցրել է, որ խաղաղ համաձայնագրի կնքումը կնպաստի երկու երկրների միջև փոխվստահության բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի տարածքների հարցի լուծման արագացմանը։
Մոսկվան և Տոկիոն նախորդ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում կնքված համաձայնագրի լրամշակման շուրջ։ Այս հարցի հիմնական խոչընդոտը Կուրիլյան կղզիների հարավային մասին պատկանելիության հարցն է։ 1945 թ․ այս ողջ կղզիախումբն անցել է Խորհրդային Միությանը, սակայն ճապոնական կողմը վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի շարք անմարդաբնակ փոքր կղզիների պատկանելիության հարցը։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի ինքնիշխանությունն այս տարածքների վրա չի կարող կասկածի տակ դրվել։