Ռուսաստանը մեր քաղաքական և տնտեսական լավագույն գործընկերներից է․ Իրանի ԱԳՆ

Ռուսաստանն Իրանի տնտեսական և քաղաքական լավագույն գործընկերներից է։ Այս մասին Le Figaro թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

«Ռուսաստանը մեզ համար տնտեսական և քաղաքական հրաշալի գործընկեր է։ Նրանք մեզ հասկանում են, քանի որ իրենք էլ են տուժել ամերիկյան պատժամիջոցներից։ Միացյալ Նահանգները ճնշում է մեր բոլոր հարևաններին, որպեսզի նրանք հրաժարվեն մեզնից։ Սակայն, ինչպես տեսնում եք, դա չի աշխատում», - ասել է Զարիֆը։

Խոսելով Սիրիայում իրենց համագործակցության մասին՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ իրենք այս հարցում հրաշալի համագործակցում են ինչպես Ռուսատանի, այնպես էլ՝ Թուրքիայի հետ։ Նա նշել է Սիրիայի միասնականությունը վերականգնելու, ահաբեկիչներին ոչնչացնելու և արյունահեղությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին։

Զարիֆն ընդգծել է, որ Թեհրանը կողմ է հակամարտությունը քաղաքական ճանապարհով կարգավորելուն և ընտրությունների միջոցով իշխանությունը ձևավորելուն, որպեսզի «սիրիացիները, այդ թվում՝ փախստականները, կարողանան իրենց կամքն ազատորեն արտահայտել»։

Անդրադառնալով Սիրիայում իրենց ռազմական ներկայությունից Իսրայելի անհանգստությանը՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ իրենք Սիրիայում են այս երկրի իշխանությունների հրավերով։

«Բոլորը գնահատում են Իրանի ներդրումը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում։ Մենք այնտեղ ենք միայն այս պատճառով», - ասել է Զարիֆը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.