ՄԱԿ-ի անդամ պետությունները կողմ են Անվտանգության Խորհրդի կազմը մեծացնելուն

ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը կողմ է, որ մեծացվի Անվտանգության Խորհրդի անդամների թիվը, սակայն բարեփոխման չափորոշիչները դեռ հստակեցված չեն։ Նման եզրակացության են եկել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի՝ նոյեմբերի 20-ին տեղի ունեցած նիստի մասնակիցները։ Ներկայում ՄԱԿ-ի ԱՆվտանգության Խորհուրդը բաղկացած է 5 մշտական և 10 ոչ մշտական անդամներից, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ղեկավար Մարիա Ֆերնանդո Էսպինոսայի կարծիքով՝ Անվտանգության Խորհրդի անդամների թիվը ավելացնելը չափազանց բարդ գործընթաց է և պահանջում է դիվանագիտական լուրջ ջանքեր։

Փոփոխությունների վերաբերյալ հիմնական առաջարկները վերաբերում են Անվտանգության Խորհրդի մշտական անդամների թվին․ պե՞տք է, արդյոք, ավելացնել այն, թե՞ ոչ։

Մասնավորապես՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Գերմանիան և Ճապոնիան իրենց տնտեսական և քաղաքական ազդեցությամբ հավակնում են ԱԽ մշտական անդամ դառնալուն։ Կազմակերպությունում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչը Սաիդ Աքբարուդդին այս չորս պետությունների անունից հայտարարել է բարեփոխումները հնարավորինս արագ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտության մասին։

Իր հերթին, ՄԱԿ-ում Իտալիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելացնել ԱԽ ոչ մշտական անդամների թիվը՝ մշտական անդմաների հնգյակը թողնելով անփոփոխ։

Որոշ ներկայացուցիչներ հանդես են եկել վետոյի իրավունքը վերացնելու օգտին՝ նշելով, որ այժմ այդ իրավունքից օգտվում են միայն ԱԽ մշտական անդամները։ Քուվեյթի ներկայացուցիչը, որը հանդես է գալիս արաբական պետությունների խմբի անունից, նշել է, որ վետոյի կիրառման դեպքերը գնալով աճում են, և դրանք հիմնականում վերաբերում են արաբական տարածաշրջանին առնչվող հարցերին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.