Սաուդյան Արաբիան ոչ մի տվյալ չի ներկայացրել լրագրող Խաշոգջիի սպանության վերաբերյալ․ Չավուշօղլու
Ռիադն Անկարայի հետ չի կիսվել լրագրող Ջեմալ Խաշոգջիի սպանության մասին ունեցած տեղեկություններով՝ չնայած համագործակցությանը պատրաստ լինելու մասին հայտարարություններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը մամուլի ասուլիս է տվել ԵՄ-ի և Թուրքիայի միջև քաղաքական երկխոսության հարցերով խորհրդակցության շրջանակում․ տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
«Մենք ընդունել ենք համագործակցության մասին Սաուդյան Արաբիայի առաջարկը, սակայն այստեղ կարևոր է, թե մենք ինչ ենք սպասում այդ համագործակցությունից, քանի որ դրա նպատակը տվյալների փոխանակումն է։ Ճիշտ չէ վերցնել միայն մեր ունեցած նյութերը, և գործը փակել։ Մենք որևէ տեղեկություն չենք ստացել Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազի վերաբերյալ գործից։ Մինչև հիմա մի շարք չպարզաբանված հարցեր կան լրագրողի սպանության գործի վերաբերյալ», - ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ չնայած Անկարայի սպասումներին, Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը Ստամբուլ կատարած այցից հետո չարեց ոչ մի հայտարարություն և չներկայացրեց ոչ մի տեղեկություն։
«Մենք թափանցիկ և մանրակրկիտ հետաքննություն ենք իրականացնում և համոզված ենք, որ այն պետք է ուղեկցվի միջազգային հանրության հետ փոխգործակցությամբ», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, իր հերթին, հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը չի փոխվում, և Եվրամիությունը «ցանկանում է տեսնել այդ սարսափելի սպանության գործի թափանցիկ հետաքննություն»։
«Առնչություն ունեցող բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Դա պետք է արվի հանուն արդարության։ Այս հարցում մենք սերտորեն համագործակցում ենք Թուրքիայի և մեր մյուս գործընկերների հետ», - ասել է Մոգերինին։