Մանբիջի վերաբերյալ ճանապարհային քարտեզը պետք է իրականացվի մինչև այս տարվա վերջ․ Չավուշօղլու

Մանբիջ քաղաքի վերաբերյալ ճանապարհային քարտեզը, որը կազմվել էր Անկարայի և Վաշինգտոնի կողմից, պետք է իրականացվի մինչև այս տարվա վերջ։ Այս մասին CNNTurk-ի եթերում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

««Ազգային ինքնապաշտպանական ուժեր» զորամիավորումը վտանգ է ներկայացնում մեզ համար։ Մենք բազմիցս ասել ենք, որ մեզնից կախված ամեն ինչ անելու ենք այդ ահաբեկչական խմբավորման չեզոքացնելու համար։ Մանբիջի վերաբերյալ ճանապարհային քարտեզը պետք է իրականացվի մինչև այս տարվա վերջ», - ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ իրենք ԱՄՆ-ի հետ համագործակցում են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մանբիջի վերաբերյալ Վաշինգտոնի և Անկարայի ճանապարհային քարտեզն իրագործվում է այնպես, ինչպես հարկավոր է։ Նա նշել էր նաև, որ քրդական զորամիավորումները պետք է լքեն այս բնակավայրը։

Նոյեմբերի սկզբին Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են համատեղ հերթապահություն իրականացնել Մանբիջում, որը գտնվում է Հալեպից 40 կիլոմետր հեռու։

Թուրքիայի նախագահը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր, որ ցանկանում է մեծացնել անվտանգության գոտին Մանբիջից մինչև Ջերաբլուս։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.