Զախարովան պատասխանել է հակառուսական պատժամիջոցների մասին Անգելա Մերկելի խոսքերին
ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան, անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանն այն մասին, որ Բեռլինը հակառուսական պատժամիջոցների հարցում շատ սկզբունքային է, հիշեցրել է Նադեժդա Սավչենկոյին և ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Մերկելի հեռախոսի գաղտնալսման դեպքը։
«Սկզբունքնե՞ր, Եվրոպայի մո՞տ, ինչպե՞ս», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել էին հենց Մերկելին։
«Իսկ դա, ինչպես երեկ նշեց Շվեյցարիայի արտգործնախարարը, ապօրինի հետախուզական գործողություն է, որի հետ Եվրոպան չի կարող հաշտվել։ Եվ ի՞նչ։ Ինպիսի՞ սկզբունքներ կիրառեց կանցլերը, ի՞նչ պատժամիջոցներ կիրառվեցին Վաշինգտոնի նկատմամբ վերջինիս ինչ-որ բան բացատրելու համար։ Քանի՞ ամերիկացի դիվանագետ արտաքսվեց», - շարունակել է Զախարովան։
Նա նշել է նաև, որ Նադեժդա Սավչենկոն նույնպես եղել է Բեռլինի «սկզբունքների շարքում»։
«Ինչ-որ մեկն այժմ հիշու՞մ է #FreeSavchenko հեշթեգը։ Այդ «սկզբունքների» շարքը կարելի է հավերժ շարունակել», - գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
2016 թ․ Սավչենկոն Մոսկվայում դատապարտվել է 22 տարվա ազատազրկման Դոնբասում լրագրողի սպանության հետ առնչություն ունենալու մեղադրանքով։ Արևմուտքը Ռուսաստանից պահանջում էր ազատ արձակել Սավչենկոյին։
Նույն թվականի մայիսին ՌԴ նախագահը ներում է շնորհել Սավչենկոյին, որը վերադարձել էր Կիև և դարձել էր Գերագույն Ռադայի պատգամավոր։
Այժմ Նադեժդա Սավչենկոն ձերբակալված է Կիևի կենտրոնում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով։