ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը կքննարկի Իրանի հրթիռային փորձարկումները

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ փակ խորհրդակցություն կանցկացնի Իրանի հրթիռային փորձարկումների հարցով։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ալեքսիս Մոջասկին։

«Իրանի հրթիռային փորձակումների վերաբերյալ փակ խորհրդակցությունը տեղի կունենա վաղը», - ասել է Մոջասկին։

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի առավոտյան խորհրդակցությունն սկսվում է Նյու Յորքի ժամանակով 10։00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00):

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանն անցկացրել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում՝ հաշվի չառնելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 թվակիր բանաձևի պահանջները։ Պոմպեոյի խոսքով՝ խոսքը «բալիստիկ հրթիռի մասին է, որը կարող է կրել մի քանի մարտագլխիկ»։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

Այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.