Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարի հետ

Դեկտեմբերի 4-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը (mfa.am

Բարձր գնահատելով երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա ավանդական սերտ համագործակցությունը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխգործակցության օրակարգն առավել հարստացնելու հեռանկարների շուրջ՝ որպես առաջնային ուղղություններ առանձնացնելով նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտները: Զոհրաբ Մնացականյանը և Դիդիե Ռեյնդերսը գոհունակություն են հայտնել միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ: Այս համատեքստում կարևորվել է միջազգային կազմակերպություններում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի ամրապնդման ուղղությամբ ջանքերի ներդրումը, այդ թվում՝ եվրոպական կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման միջոցով:

ԱԳ նախարարների հանդիպման ուշադրության կենտրոնում էին նաև Հայաստան-Եվրոպական միություն օրակարգային հարցերը: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում Եվրոպական միության հետ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները: Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց Հայաստանի կառավարության հանձնառությունն ազատ, արդար և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթաց ապահովելու ուղղությամբ: Կառավարության առաջնահերթությունների շարքում նախարարի պաշտոնակատար Մնացականյանն առանձնացրեց զարգացման օրակարգի առաջմղումը և այդ գործընթացում միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների կարևոր դերակատարությունը:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցեր, մտքեր փոխանակվեցին Սիրիայում տիրող իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Բելգիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները: Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ հանդիացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կարևորությունը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Դիդիե Ռեյնդերսը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը:

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.