Իսրայելի վարչապետը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի արտահերթ նիստ հրավիրել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՄԱԿ-ում հրեական պետության ներկայացուցչությանը խնդրել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու Իսրայելի հյուսիսային սահմանին լիբանանյան շիայական «Հեզբոլլահ» շարժման կողմից թունելների փորման հարցը։

«Ես մեր պատվիրակությանը խնդրել եմ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստ հրավիրել՝ քննարկելու «Հեզբոլլահ»-ի գործողությունները», - Թել Ավիվում՝ պաշտպանության նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Նեթանյահուն։

«Ես մոտակա օրերին այս հարցը քննարկելու եմ համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ», - շարունակել է Իսրայելի վարչապետը։

Նա նշել է, որ զինված ուժերին հրահանգել է սկսել «Հյուսիսային վահան» գործողությունը, որի նպատակն է հայտնաբերել և ոչնչացնել բոլոր այն թունելները, որոնք «Հեզբոլլահ» շարժումը փորել է Լիբանանից դեպի Իսրայելի տարածք, որպեսզի կարողանա ահաբեկիչներ փոխադրել այստեղ։

Նեթանյահուն հիշեցրել է, որ ինքն այս հարցը քննարկել է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Նրանք խոսել են նաև շիայական շարժման դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ երկրի զինված ուժերը Լիբանանի հետ սահմանին սկսել են «Հյուսիսային վահան» անունը ստացած ռազմական գործողությունը, որի նպատակն է հայտնաբերել և ոչնչացնել «Հեզբոլլահ» շարժման փորած բոլոր թունելները, որոնք գալիս են դեպի Իսրայելի տարածք։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բրյուսելում հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էր «Իրանի ագրեսիան ճնշելու, ինչպես նաև վերջինիս դաշնակիցներին, այդ թվում՝ Լիբանանը, Սիրիան և Իրաքը զսպելու հարցը»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.