Պոմպեոն ամոթալի է համարում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ՀԱՄԱՍ-ի վերաբերյալ բանաձևի տապալումը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կերծում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ՀԱՄԱՍ խմբավորման գործողությունները դատապարտող՝ ամերիկյան կողմի նախաձեռնած բանաձևի ձախողումը ամոթալի և կանխակալ վերաբերմունք է Իսրայելի նկատմամբ։ Այս մասին Պոմպեոն գրել է իր թվիթերյան էջում։
«Ընդամենը մի քանի օր անց, երբ ՀԱՄԱՍ-ը հազարավոր հրթիռներով հարվածներ էր հասցնում Իսրայելի քաղաքացիներին, ՄԱԿ-ը չկարողացավ այս ահաբեկչական բանդայի գործողությունները դատապարտող բանաձև ընդունել։ Սա ամոթալի և կողմնակալ վերաբերմունքի հերթական դրսևորումն է հրեական պետության նկատմամբ», - գրել է Պոմպեոն։
Դեկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան դեմ է քվեարկել ԱՄՆ-ի նախաձեռնած բանաձևին, որը դատապարտում էր ՀԱՄԱՍ-ին «Իսրայելի տարածքի ուղղությամբ մշտապես հրթիռներ արձակելու համար, ինչը սպառնում է քաղաքացիական բնակչության անվտանգությանը»։ Փաստաթղթում նաև կոչ էր արվում ՀԱՄԱՍ-ին և Պաղեստինի մյուս զինված ուժերին «դադարեցնել բոլոր սադրիչ և բռնի գործողությունները»։
Փաստաթղթի ընդունմանը դեմ է քվեարկել 87 երկիր, կողմ՝ 57-ը։ Եվս 33 պետություն ձեռնպահ է մնացել։ Դեմ քվեարկող պետությունների թվում էին Ռուսաստանը, արաբական երկրները և Լատինական Ամերիկայի երկրները։