Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը

Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովին մասնակցող ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը (mfa.am

Նշվում է, որ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ նախարարական 25-րդ համաժողովի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ դիրքորոշումների համադրման շուրջ, անդրադարձել են համաժողովի շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցերի, ՀԱՊԿ անդամ-պետությունների առաջնահերթություններին, նրանց նախաձեռնություններին և դրանց փոխադարձ սատարմանը:

Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում կարևորել է կառույցի արդյունավետության բարձրացման համար շարունակական քայլերի ձեռնարկումը՝ ուղղված դաշնակցային համերաշխության սկզբունքների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացմանը: Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը բարձր է գնահատել ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպումների այս ձևաչափը, ինչը ևս մեկ հնարավորություն է անդրադառնալու կառույցի առջև ծառացած խնդիրներին, քննարկելու միջազգային հարթակներում անդամ-պետությունների արտաքին քաղաքականության համադրման հարցեր:

Նախարարներն անդրադարձել են նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթացի նախաձեռնությամբ ՀԱՊԿ շրջանակներում մեկնարկած խորհրդակցությունների ընթացքին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.