ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև «Ղրիմի ռազմականացման» վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ձայների մեծամասնությամբ ընդունել է Ուկրաինայի առաջարկած բանաձևը «Ղրիմի և Սևաստոպոլի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ռազմականացման» մասին։

Հակառուսական բանաձևին կողմ է քվեարկել 66 պետություն, դեմ՝ 19, իսկ ձեռնպահ՝ 72։

Բանաձևում «լուրջ անհանգստություն է հայտնվում Ռուսաստանի Դաշնության կողմից որպես օկուպանտ պետություն Ղրիմի  աստիճանական ռազմականացման, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։

Փաստաթղթի ընդունմանը կողմ քվեարկած պետությունները «Մոսկվային կոչ են անում դադարեցնել ապակայունացնող գործողությունները թերակղզում»։

Բանաձևի հեղինակներն անհանգստություն են հայտնել նաև «Ղրիմում ռուսական զինված ուժերի անցկացրած բազմաթիվ զորավարժությունների կապակցությամբ, ինչը կարող է խաթարել տարածաշրջանային անվտանգությունը և երկարաժամկետ հեռանկարում բացասական հետևանքներ ունենալ էկոլոգիայի վրա»։

Մոսկվայում ափսոսանք են հայտնել վերոնշյալ փաստաթղթի ընդունման կապակցությամբ։

«ՄԱԿ-ի անդամ մի շարք պետություններ՝ առաջին հերթին ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից, խրախուսում են ուրաինացիների նոր հանցագործությունները և սադրանքները հանուն արևմուտքի քաղաքական ամբիցիաների», - իր թվիթերյան էջում գրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.