Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում «Հեզբոլլահ»-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում  լիբանանյան շիայական «Հեզբոլլահ» շարժումը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին Նեթանյահուն խոսել է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ «Հեզբոլլահ»-ի թունելների հարցով Իսրայելի և ԱՄՆ-ի նախաձեռնած նիստի նախօրեին։

«Կոչ եմ անում ԱԽ անդամներին դատապարտել «Հեզբոլլահի» ագրեսիվ գործողությունները և այն ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն՝ վերջինիս նկատմամբ կիրառելով շատ խիստ պատժամիջոցներ։ Կոչ են անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին աջակցել Իսրայելին իրացնել ինքնապաշտպանվելու իր իրավունքը», - ասել է Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ ինքը Պուտինին խնդրել է նույնպես դատապարտել այդ շարժման գործողությունները և «ճիշտ դիրք գրավել, ոչ թե նրանց աջակցել կամ չեզոքություն պահպանել»։

«Մոսկվան միշտ ասել է, որ ցանկանում է կանխել հաջորդ պատերազմը։ Հաջորդ պատերազմը կանխելու ճանապարհը «Հեզբոլլահին» Իսրայելի դեմ ագրեսիվ գործողություններ կատարել թույլ չտալն է», - շարունակել է Նեթանյահուն։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին իսրայելական բանակն սկսել է «Հյուսիսային վահան» անունն ստացած ռազմական գործողությունը, որի նպատակն է բացահայտել և ոչնչացնել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման փորած թունելները, որոնք գալիս են դեպի Իսրայելի տարածք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.